ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն՝ հանելով «պահպանման գոտիներ» բառերը: Առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Ըստ Տիգրան Սիմոնյանի՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը եւ տնտեսության զարգացմանը:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
