ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2024
2024-ի «Sevan Startup Summit»-ը՝ «Սևան» ազգային պարկի տարածքում

Հուլիսի 21-ից 27-ը «Սևան» ազգային պարկի տարածքում անցկացվում է «Sevan Startup Summit» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն ամբողջ աշխարհից իր շուրջ է համախմբում նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների և մենթորների:
Հուլիսի 23-ը ֆորումի օրակարգում բնապահպանական էր, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը և ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն այցելել  են  «Sevan Startup Summit»:
Նախարարության ներկայացուցիչները Սամիթի հիմնադիրների ուղեկցությամբ շրջել են տարածքում, ծանոթացել  իրականացված աշխատանքներին,  հետևել պանելային քննարկումներին և քննարկել «Սևան» ազգային  պարկի հետ համագերծակցությունը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել  կազմակերպիչներին Սևանա լճի շուրջ նման միջավայրի ու մթնոլորտի ձևավորման համար, ինչպես նաև հույս հայտնել, որ այս օրերին Սամիթի մասնակիցները կքննարկեն նոր գաղափարներ, կգեներացնեն առաջադեմ  մտքեր, որոնք հետագայում  կծառայեն բնապահպանական խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը  և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Sevan Startup Summit» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում: