ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միասին տնկենք 10 միլիոն ծառ Հայաստանում

10m նախաձեռնության մասին

2020-2021թթ․ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Այդ կերպ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։

Յուրաքանչյուրս կարող ենք նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների ու ապագա սերունդների առողջության համար։ Երկրագնդի վրա փոքր կետ լինելով՝ մենք, Հայաստանի բնակիչներս, նաև գործնական ներդրում կունենանք համաշխարհային «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնության մեջ։

Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո։

******

Միանալ նախաձեռնությանը

 


Կամավոր

 ·  Դարձիր մեկը տասը միլիոնից

· Մասնակցիր ծառատունկին


Դեսպան

· Բարձրացրու նախաձեռնության իրազեկվածությունը


Գործընկեր

 · Ապահովիր անհրաժեշտ ռեսուրսներ

· Աջակցիր կազմակերպչական աշխատանքներին

 

******

Անհրաժեշտ ռեսուրսներ

 


10.000.000

Տնկի


մինչև 3000

Հողատարածք(հա)


շուրջ  300.000

        Մասնակիցներ


Գործիքներ

 

******

ՀՏՀ

Ե՞րբ ու որտե՞ղ է անցկացվելու ծառատունկը։
 

10m նախաձեռնության շրջանակում ծառատնկման աշխատանքների մեկնարկը տրվելու է 2020 թվականին և իրականացվելու է մի քանի փուլով՝ անտառապատման, անտառվերականգնման և կանաչապատման նպատակներով։ Անտառապատումն ու անտառվերականգնումը նախատեսված է Հայաստանի ամբողջ տարածքում՝ անտառամերձ լանդշաֆտներում։ Կանաչապատում կատարվելու է հիմնականում հանրային վայրերում։ 
 

Քանի՞ հեկտար տարածք է հարկավոր 10 մլն ծառ տնկելու համար։

Կախված տնկարկի (ծառուտի) նպատակային նշանակությունից, ինչպես նաև աճման պայմաններից, անհրաժեշտ մակերեսը կարող է տարբեր լինել։ Վերջին տարիներին Հայաստանում հիմնականում կիրառվել է 3000-3300 հատ տնկի/հա խտությունը, սակայն գործնականում առկա են նաև ավելի խիտ տնկարկներ։ Կանաչապատման աշխատանքների համար նման չափանիշներ չկան։ Նախաձեռնության իրականացման համար հարկավոր կլինի մոտ 3000 հեկտար տարածք։

Ի՞նչ ծառատեսակներ են տնկվելու։

Անտառապատման և անտառվերականգնման համար տնկվելու են հիմնականում տեղական ծառատեսակներ, մասնավորապես՝ սոճի և կաղնի, ինչպես նաև կեչի, հացենի, թխկի, վայրի պտղատուներ և այլ ծառատեսակներ։ Կանաչապատման նպատակով կտնկվեն առավելապես գեղազարդ և պտղատու ծառատեսակներ։

Քանի՞ մարդ պետք է մասնակցի ծառատունկին։

10 միլիոն տնկի տնկելու համար անհրաժեշտ է առնվազն 300 հազար մասնակցի ներգրավվածություն։ Մասնակցությունը լինելու է կամավոր։ Մասնագիտական կառույցները կհամակարգեն աշխատանքները և հանդես կգան որպես խորհրդատուներ։

Որտեղի՞ց են ձեռք բերվելու տնկիները։

Քանի որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է առավելապես օգտագործել փակ արմատային համակարգող աճեցված տնկիներ, իսկ Հայաստանում նման տնկիների արտադրության ծավալն առայժմ սահմանափակ է, տնկիներ կներմուծվեն նաև արտասահմանյան տնկարաններից (Բելառուս, Իրան, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Ֆինլանդիա և այլն)։ Ներկրվող տնկիները համապատասխանելու են Հայաստանի տեղական տեսակային կազմին ու աճման պայմաններին։ 

Ովքե՞ր և ինչպե՞ս են իրականացնելու տնկիների հետագա խնամքը։

Հիմնված տնկարկների խնամքը իրականացնելու է հողի սեփականատերը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող հողերում հիմնված տնկարկների խնամքը կիրականացնեն ՊՈԱԿ-ի մասնաճյուղերը։ Այդ նպատակով պետական բյուջեում կնախատեսվեն համապատասխան միջոցներ։

Մի շարք մասնավոր կառույցներ կաջակցեն նորարարական լուծումների զարգացմանը, որոնք կնպաստեն տնկված ծառերի կպչողականությանը և հետագա հաջող աճին։

Ի՞նչ ազդեցություն կունենա լայնածավալ ծառատունկը շրջակա միջավայրի վրա։

Անտառները ածխածնի երկօքսիդի հիմնական կուտակիչներն են։ Տարբեր հետազոտությունների համաձայն՝ անտառապատումը նպաստում է կլիմայի մեղմմանը տարվա բոլոր եղանակներին՝ կարգավորելով օդի ու հողի ջերմաստիճանը, ջրի մակերեսային հոսքերը և մեղմելով քամիների ազդեցությունը։ Տնտեսական տեսանկյունից հատկապես կարևոր են հողապաշտպան, ջրապաշտպան, ինչպես նաև քամու ազդեցությունը կարգավորող տնկարկները։ Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տնկարկները կարող են նաև լինել ռեկրեացիոն, սանիտարական կամ գեղազարդ նշանակության։ Իսկ վայրի պտղատուներով հարուստ տնկարկները ապահովելու են վայրի կենդանատեսակներին սննդով ու ապաստարանով։

******

 

Նորություններ