ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

Փետրվարի 2 – Խոնավ տարածքների համաշխարհային օր

1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ընդունվեց ‹‹Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր›› Ռամսարի կոնվենցիան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021 թվականի 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես ՄԱԿ-ի կողմից նշվող Խոնավ տարածքների համաշխարհային օր։ Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից:
Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2503 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 257182378 հեկտար: Հայաստանը միացել է Ռամսարի կոնվենցիային 1993 թվականի նոյեմբերի 6-ին, դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Հայաստանն այժմ ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը և Խոր Վիրապի ճահիճը։
https://www.ramsar.org/


 


Մարտի 3 - Վայրի բնության համաշխարհային օր

Մարտի 3-ն ամբողջ աշխարհը նշում է որպես Վայրի բնության համաշխարհային օր /World Wildlife Day/։ Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։ Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատեկի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։ 
 


Մարտի 15 - Սպառողների իրավունքների պաշտպանության օր


Առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության օրը սկսվել է տոնվել 1983 թ. մարտի 15-ին: Երկու տարի անց` 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունեց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը:

 


Մարտի 21 - Անտառների միջազգային օր


Ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ և առաջին անգամ նշվել 2013 թվականի մարտի 21-ին։ Անտառների միջազգային օրն ստեղծվել է որպես գլոբալ հարթակ, որը նպաստում է անտառի պահպանությանը և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմանը: Անտառների պահպանումն ու ավելացումը շատ կարևոր է մեր մոլորակի համար, քանի որ դրանց հատումը նպաստում է ածխածնի համաշխարհային արտանետումների աճին։

 


Մարտի 22 - Ջրի համաշխարհային օր


Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով:
Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք:
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:

 


Մարտի 23 - Օդերևութաբանության համաշխարհային օր

Եղանակի մասին առաջին վկայություններ եղել են վաղ անցյալի իրադարձություններում: Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ:
1872թ. հիմնադրվեց միջազգային օդերևութաբանական կազմակերպությունը /ՄՕԿ/: 1947թ. հոկտեմբերի 11 ստորագրման ներկայացվեց Կոնվենցիան, որի արդյունքում կազմավորվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը /ՀՕԿ/ ՄՕԿ-ի փոխարեն: 1950թ. մարտի 23 Կոնվենցիան ուժի մեջ մտավ: Այս օրը ՀՕԿ-ի կազմավորման պաշտոնական օրն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի շրջանակներում և ունի հետևյալ նպատակները.

Հեշտացնել միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը:
Նպաստել օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն և աջակցությանը:
Նպաստել օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովել ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը:
Նպաստել հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում:
Խրախուսել գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով:
ՀՕԿ նախաձեռնությամբ սկսած 1961թ-ից, մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: ՀՕՕ ամբողջ մոլորակի օդերևութաբանների մասնագիտական տոնն է:
Ամեն տարի ՀՕԿ-ը նշում է այս օրը որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա:  
https://public.wmo.int/en


Ապրիլի 1 - Թռչունների միջազգային օր

1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան:
1600թ.-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը:
Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին ՚‹‹խաղաղ›› տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:


Ապրիլի առաջին կիրակի օրը - Երկրաբանի օր

Երկրաբանի օրը երկրաբանների մասնագիտական տոնն է, որն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այն սահմանվել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով 1966թ. մարտի 31-ին ի հիշատակ խորհրդային երկրաբանների նվաճումների:
Կարծիք կա, որ տոնն անցկացնելու համար ընտրվել է ապրլի կիրակին այն պատճառով, քանի որ ապրիլի կեսին հաճախ կազմակերպվում են երկրաբանական արշավներ: Երկրաբանի օրը նշվում է նախկին Խորհրդային Միության բոլոր երկրաբանական և արդյունահանող կազմակերպություններում: Բացի երկրաբաններից այս օրը մասնագիտական տոն են համարում նաև մարկշեյդերները , պայթեցնողները, հանքահորերի աշխատողները, և բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների հայտնագործմամբ և արդյունահանմամբ, որոնց աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին աշխատանքի հետ:

 


Ապրիլի 7 - Առողջապահության համաշխարհային օր

Ապրիլի 7-ին ողջ աշխարհը տոնում է առողջության Համաշխարհային Օրը: Նշենք, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը արդեն 58 տարեկան է: Իր գործունեության ընթացքում կազմակերպության անդամներ են դարձել աշխարհի ավելի քան 190 երկրներ, որոնց թվում նաև մեր երկիրը: Այդ երկրների կառավարությունների կողմից ստորագրված Կանոնադրությունում առաջին անգամ միջազգային մակարդակով հայտարարվեց մարդու առողջ լինելու իրավունքը, սահմանվեց երկրի կառավարության պատասխանատվության սկզբունքը իր ժողովրդի առողջության համար:
 www.who.int/world-health-day/previous/2006/en/index.html


 


Ապրիլի 22 - Երկրի Օր

Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:


Ապրիլի 26 - Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օր

Ապրիլի 26-ը Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օրն է: 
Չերնոբիլի աղետը /1986թ. ապրիլի 26/ իր մասշտաբներով, հասարակությանը, շրջակա միջավայրին, տնտեսությանը և սոցիալական միջավայրին հասցված վնասով և բացասական հետևանքներով Երկրի խոշորագույն տեխնածին աղետն է մարդկության ողջ պատմության ընթացքում: Երկարակյաց ռադիոակտիվ նյութերով աղտոտվեցին լայն տարածքներ, որոնց բացասական ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա անդրադառնում է երկար տարիներ և տասնամյակներ:

 


Մայիսի 11 - Չվող թռչունների համաշխարհային օր

Չվող թռչունների համաշխարհային օրը իրազեկման ամենամյա միջոցառումների շարք է, որը կարևորում է չվող թռչունների և նրանց կացության վայրերի պահպանման անհրաժեշտությունը: Այս օրը գլոբալ տարածում ունի և արդյունավետ գործիք է հանդիսանում, քանի որ օգնում է բարձրացնել չվող թռչուններին սպառնացող վտանգների, նրանց էկոլոգիական նշանակության և նրանց պաշտպանության համար միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին գլոբալ իրազեկությունը: Օրը նշվում է տարին երկու անգամ՝ մայիսին և հոկտեմբերին։

 


Մայիսի 15 - Կլիմայի փոփոխության միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:
Կլիմայի պահպանումը մարդկության առաջ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է:
Կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը ուղեկցվում են բնական աղետներով, մարդկային և բնակավայրային կորուստներով, բերքատվության անկմամբ, սակավաջրությամբ, հիվանդացությունների աճով: Հայաստանն անմասն չէ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:

 

 


Մայիսի 22 - Կենսաբազմազանության միջազգային օր

2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր / 55/201 բանաձև/: Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը: Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը` մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացումը, հատկապես խիտ բնակչություն ունեցող երկրներում: Նշենք, որ այս գործընթացը տարեց տարի ավելի ինտենսիվ է դառնում: Կառլ Լիննեյի ժամանակներից ներկայացվել է օրգանիզմների1,5-1,6 միլիոն տեսակ, որոնց մեջ մոտավորապես 750 հազար միջատներ, 57 հազար ողնաշարավորներ, 250 հազար բույսեր, չհաշված անողնաշարավորները, ջրիմուղները, միկրոօրգանիզմները և այլն: Շատ մասնագետներ այս պատկերը անավարտ են համարում` ենթադրելով, որ Երկրի վրա բնակվում են 5 միլիոն և ավելի օրգանիզմներ: Բացառիկ տեսակների անհետացման տեմպերը անհավանականորեն մեծ են: Հաշվարկել են, որ այս հազարամյակում տրոպիկական անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%: Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:  
www.cbd.int/ibd/2007/


Մայիսի 31 - Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտարարել է ՚‹‹Առանց ծխախոտի օր››: ԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով նույնիսկ ամնեամոլի ծխողները ի վիճակի են տարվա մեջ գոնե մեկ օր ապրել առանց ծխախոտի: Ըստ ԱՀԿ փորձագետների աշխարհում բնակվում են մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն ծխող, իսկ ըստ ԱՀԿ-ի հետ համագործակցող սոցիոլոգների կանխատեսումների, 2025 թ. աշխարհում ծխողների թիվը կավելանա չորս հարյուր միլիոնով: Բժիշկները հաստատում են, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում են համարյա 5 միլիոն մարդ:  
https://www.who.int/


Հունիսի 5 - Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից, որն ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: Նույն տարում տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծեց հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զիվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են:
https://www.unccd.int/


Հունիսի 17 - Անապատացման - երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում, կարևորելով միջազգային խմբակցության ջանքերի միավորումը, 1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած մի շարք պետությունների մասնակցությամբ Գագաթնաժողովի ժամանակ որոշում ընդունվեց ՄԱԿ-ի գլխավորոևթյամբ հաստատել առավել կարևոր ժամանակակից խնդիրների վերաբերյալ երեք Կոնվենցիաներ:
-Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
-Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
-Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան այն երկրներում, որտեղ լուրջ երաշտ է և անապատացում, հատկապես Աֆրիկայում:
Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ. հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում:
Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:



Հուլիսի 3 - «Առանց պլաստիկ տոպրակների» օր

Հուլիսի 3-ն առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը լավ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի ԻՐԱՏԵՍԱԿԱՆ է և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք կուտակվում են ջրում, մնում ցամաքում, ու անդառնալի վնաս հասցնում թե՛ մեր շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը: Նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատելով քաղցկեղածին գազեր:


Հուլիսի 31 -Անտառապահների(ռեյնջերների) համաշխարհային օր


2007 թվականից սկսած հուլիսի 31-ը նշվում է որպես Անտառապահների համաշխարհային օր: Այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։ Անտառապահների կողմից իրականացվող կարևոր աշխատանքի շնորհիվ մարդիկ կարողանում են վայելել մաքուր օդը, թարմ ջուրը և առողջ մոլորակը:

 

 


Օգոստոսի 6 - Հերոսիմայի օրն է` Միջուկային զենքի արգելման համաշխարհային օրը

Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը հիշում է ամերիկյան ատոմային հարձակումը հիշատակի զանգերի ավանդաբար զարկումով, դեպի երկինք բաց թողնված սպիտակ աղավնիներով և մեկ րոպե լռությամբ: Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հերոսիմայում /հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք/: XX դարի երկրորդ կեսերին մոլորակի հասարակայնությունը լուրջ խնդրի առջև կանգնեց: Միջազգային կազմակերպությունները ավելի ուժեղ սկսեցին հայտարարել այն մասին, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց դիրքերը, և կոչ արեցին զարգացած մարդկությանը անել հնարավորը աշխարհը ոչնչացումից պաշտպանելու համար: Միջուկային զենքի պաշարներն այնքան շատ են, որ կարող են ոչնրացնել մի քանի մոլորակ, որոնք իրենց չափսերով գերազանցում են Երկրին: Շատ երկրների քաղաքական և հասարակական կազմակերպություններ պահանջեցին արգելել մահացու ռումբերի հետագա կուտակումը:


Օգոստոսի վերջին կիրակի օրը - Սևանա լճի օր

1999 թվականից սկսած ամեն տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Սևանն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լիճերից է: Սևանա լիճն ունի եզակի էկոհամակարգ և կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Սևանա լճի օրը ևս մեկ առիթ է անդրադառնալու լճի խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։ Սևանի էկոհամակարգի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման գործում կարևոր է հասարակության իրազեկվածության բարձրացումը, քանի որ հասարակությունն իր վարքով պատասխանատու է Սևանի մաքրության և պահպանության համար։
 


Սեպտեմբերի 7- Մաքուր օդի միջազգային օր

2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից  սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր»։
Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս կիսում և շնչում ենք նույն օդը, ըստ այդմ բոլորս պարտավոր ենք պահպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար:
Օդի աղտոտվածությունն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության և էկոհամակարգերի վրա:
Օրվա խորհուրդն է երկրների ուշադրությունը սևեռել օդի աղտոտվածության խնդրին, իրազեկել հասարակությանը՝ օդի հնարավոր աղտոտումներից խուսափելու համար և միանալ՝ հանուն մաքուր օդի:


Սեպտեմբերի 13 - Հայաստանում  նշվում է բնության հատուկ պահպանվող տարածքների օր

2021թ. սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը:
Հայաստանում առկա բնության հատուկ պահպանվող տարածքները ներառում են 3 պետական արգելոց («Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի»), զբաղեցնում են 35 439.6 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 1.19 %-ը, 4 ազգային պարկ («Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք»), զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 7.96 %-ը, ինչպես նաև 232 բնության հուշարձան և 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ Հայաստանի ընդհանուր տարածքի 3.95 %-ը:

https://protectedareas.am/


Սեպտեմբերի 16 - Օզոնային շերտի պահպանման միջազգային օր

1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը /աչքի վնասվելու վտանգ, իմունային համակարգի վատթարացում և մաշկի քաղծկեղի զարգացում, ինչպես նաև կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի և օդի որակի/: Վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է ‹‹Օզոնային շերտի պահպանության›› Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը: 


Սեպտեմբերի 18 - ջրի մոնիթորինգի համաշխարհային օր

Այն սահմանվել է 2003 թվականին Ամերիկայի Մաքուր ջրի հիմնադրամի (ACWF) կողմից `որպես համաշխարհային կրթական իրազեկման ծրագիր: Ծրագիրը հետագայում անվանվել է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային մարտահրավեր», որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելուն: Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնուրույն իրականացնել տեղական ջրային ռեսուրսների վիճակի մասին բազային մոնիթորինգ՝ կատարել նմուշառում տարբեր ջրային ռեսուրսներից, գնահատել դրա որակը և հասկանալ դրա անվտանգության աստիճանը:
 


Հոկտեմբերի 4 - Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են կենդանիների Համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը:
Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:


Հոկտեմբերի 14 - Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր

Հոկտեմբերի 14-ը բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է:
Այն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 22 բանաձևի համաձայն` բնական աղետների վտանգների նվազեցման Միջազգային տասնամյակի շրջանակներում: 1999թ. Գլխավոր Ասամբլեան որոշեց ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես միջազգային տոն, որը կհանդիսանա միջոց նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը և կնպաստի բնական աղետների կանխարգելմանը և նրանց հետևանքների նվազեցումը, ինչպես նաև այդ երևույթներին պատրաստ լինելուն:


Նոյեմբերի 11 - Էներգախնայողության միջազգային օր

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այյդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, կազմակերպում են ասուլիսներ ԶԼՄ-ների համար, ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:


Դեկտեմբերի 11 - Լեռների միջազգային օրը

Լեռների միջազգային օրը ընդգծում է լեռնային էկոհամակարգերի կարևորությունը և դրանց նշանակությունը մարդկության համար: Լեռների միջազգային օրն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, որը նվիրված էր Լեռների միջազգային տարվա արդյունքներին։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 11-ին՝ սկսած 2003 թվականից։