ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2017
Ծանուցում Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններին

Հարգելի գործընկեր,

Ինչպես գիտեք <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1մլրդ մ3/տարի, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, փաստացի ջրառը 2016թ-ին կազմել է շուրջ 1.67մլրդ մ3 /տարի: Սա նշանակում է, որ փաստացի օգտագործվում է ավելի շատ ջուր, քան Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներն են, ինչը հանգեցրել է շուրջ 22 հազար հեկտար Արարատյան դաշտի դրական ճնշումով ստորերկրյա ջրերի տարածման սահմանի նվազմանը, հողի աղակալման երևույթների արագացմանը, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանում հողային ծածկույթի և շինությունների փլուզման վտանգի երևույթների առաջացմանը: Ելնելով վերոգրյալից ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի երկրորդ կեսից ակտիվ գործունեություն իրականացնել նշվածի պատճառները ծնող երեևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում իրականացվելու է տեսչական ստուգումներ և վարչական վարույթով զննություններ:

Տեսչական ստուգումների ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, հատուկ ուշադրության է արժանանալու ապօրինի հորերի առկայությունը, ինչպես նաև փաստացի ջրօգտագործման համեմատությունը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվության սահմանաչափի հետ: Նման դեպքում նախատեսվում է պատասխանատվության միջոցների կիրառում:

Օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակը 1 լ/վրկ գերազանցելու դեպքում.

1. ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներն ըստ <<Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 14 օգոստոսի 2003 թվականի N 1110-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի` կկազմի 31536 խմ X 15 դր= 472890 դրամ։

2. նույն 31536 խմ ջրի օգտագործման վճարը Արարատյան դաշտավայրում, ըստ <<Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` կկազմի 15780 X 10= 157800 դրամ:

3. ՋԹ-ի պայմանները խախտելու համար, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:

Գումարային ՝ 930690 դրամ։

Բացի այդ, ՀՀ ջրային օրենսգրքի 30.2-րդ հոդվածի համաձայն՝ ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունների պահանջների և պայմանների խախտման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է:

Եթե հայտնաբերվեց ապօրինի հորատանցք, անկախ նրանից, այն շահագործվում է թե ոչ, ապա համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 37.1-րդ հոդվածի՝ լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործողի միջոցներով:

Ակնկալելով Ձեր ըմբռնումը և ստուգումների ընթացքում վարչական պատասխանատվության չենթարկվելու համար` առաջարկում ենք մինչև 2017թ. մայիսի 15-ը.

1. ջրօգտագործումը համապատասխանեցնել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվության պայմաններին,

2. սահմանված կարգով իրականացնել ապօրինի հորերի կոնսերվացման կամ լուծարման կամ փակ վիճակում կապարակնքման աշխատանքներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է իրականացնել անհրաժեշտ խորհրդատվություն ապօրինի հորերի կոնսերվացման կամ լուծարման եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ջրառի ծավալների չափաբերում և կապարակնքում:

Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն (Ջրավազանային պլանավորման կառավարման բաժին` 011 818545) կամ ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ` 011 818 559:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն