ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2015
Ծանուցում ԶԼՄ-ներին

Սույն թվականի մարտի 27-ին ժամը 15:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում տեղի կունենա Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը` «Մոլորակի ժամ» միջազգային բնապահպանական միջոցառման համատեքստում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ծրագրի շրջանակներում Երևանի կենտրոնը Զվարթնոց միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածում (Իսակովի պողոտա և Թաիրովի փողոց) տեղադրվել է մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ` ապահովելով ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորվածություն:

Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով:

Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի /ՄԱԶԾ-ԳԷՖ/00074869/ շրջանակներում՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի:

Ծրագրի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, որն ընդունված է նշել յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրը, ժամը 20:30-ից 21:30-ը, խորհրդանշական մեկ ժամով անջատելով լույսերը՝ ի նշան մոլորակի հանդեպ ունեցած պարտավորությունների:

Օրակարգ