ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագրի շրջանակում կազմակերպվող աշխատանքային հանդիպմանը։
Հանդիպման նպատակն է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել ոլորտին վերաբերող զարգացման հնարավորությունները և ուղղությունները, առկա խոչընդոտները, ինչպես նաև վերջիններիս լուծման նպատակով առաջարկվող մոտեցումները։
«Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնց շրջանակում՝
Աջակցություն է տրամադրվելու շրջակա միջավայրի նախարարությանը էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) ավելացմանն ուղղված քաղաքականության և իրավակարգավորումների մշակման նպատակով,
Առաջարկություններ են ներկայացվելու ԷՏՄ-ների և դրանց հետ կապված ենթակառուցվածքների ֆինանսավորման գործընթացում մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական կառույցների մասնակցության խթանման նպատակով,
Ծրագիր  է մշակվելու ԷՏՄ-ների լիցքավորման կայանների և հարակից ենթակառուցվածքների ընդլայնման նպատակով,
Մշակվելու է ԷՏՄ-ների ավելացմանն աջակցելու նպատակով հանրային իրազեկումներ իրականացնելու, ինչպես նաև արդյունքների գնահատման մեթոդաբանություն։
Աշխատանքային հանդիպումը տեղի է ունենալու մարտի 31-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում (Կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 501 սենյակ)։ Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով մինչև մարտի 29 ներառյալ։