ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը՝
• քաջատեղյակ լինելով "Sevan Startup Summit 2021" միջոցառման անցկացման հետևանքով առաջացող բնապահպանական խնդիրներին,
• հիմնվելով ՀՀ իրավական նորմերի և մասնագիտական վերլուծությունների վրա,
• ինչպես նաև հաշվի առնելով «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի պարզաբանումներն ու հակափաստարկները,
դրական է գնահատում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից միջոցառման իրականացման համար սահմանափակումների սահմանումը, ավելին՝ Խորհրդի անդամների կարծիքով միջոցառման լիովին արգելումը նշված վայրում ամբողջովին իրավաչափ և հիմնավորված որոշում կլիներ։
Ողջունելի է նաև ՀՀ ՇՄ նախարարության կողմից միջացառման անցկացման համար այլ վայր տրամադրելու առաջարկը, որը ցավոք մերժվել է։
Ինչպես հայտնի է՝ «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցը ստեղծվել է տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի՝ որպես Հայկական բարձրավանդակի էնդեմիկ թռչունի բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման նպատակով, իսկ արգելոցին կից «Նորաշենի» արգելավայրը ստեղծվել է արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով: Ուստի «Նորաշենի» արգելավայրում նման բազմաքանակ մասնակիցներով, տարբեր լուսային և ձայնային ազդանշաններով հագեցած միջոցառման կազմակերպումը ոչ միայն խաթարում է նշված թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանները, այլև հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-ի N205-Ն որոշումներին, իսկ Խորհրդի անդամների կարծիքով ՀՀ իրավական նորմերը հավասար են բոլորի համար։
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 1-ին մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:
ՀՀ ԳԱԱ-ն ևս հայտնել է իր դիրքորոշումը խնդրի առնչությամբ, մասնավորապես ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը 2020թ․-ին գրել էր․«Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով տեղի է ունենում երկու կղզիների մասնակի հեղեղում, որոնք Հայկական որորի հիմնական բնադրատեղին են հանդիսանում։ Արդյունքում փոքրանում է բների կառուցմանը հարմար մակերեսը, ինչը ստիպում է որորներին բնադրել կղզիներին հարող լճափերին։ Կղզուց դուրս բնադրելը այցելուների, վայրի և ընտանի կենդանիների պատճառով առաջ է բերում ձվերի ոչնչացում, իսկ Հայկական որորը հանդիսանում է կարմիրգրքյան տեսակ»։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Խորհրդի անդամներն առաջարկում են նաև 2016թ․-ից սկսած «Նորաշենի» արգելավայրում "Sevan Startup Summit" միջոցառման իրականացման նախորդ թույլտվություններին տալ իրավական գնահատական։ Բացի այդ, Խորհրդի անդամները հորդորում են «Սևան» ազգային պարկի պահպանության ծառայությանը ցուցաբերել առավել զգոնություն՝ արգելելով նաև հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա-լուսանկարահանող կազմակերպությունների մուտքը տարածք։
Հարգանքով՝
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ՝
Մարիամ Տաշչյան, «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայք
Վահե Սալահյան, «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ
Արևիկ Հովսեփյան, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ
Ինգա Զարաֆյան, Վիկտորյա Բուռնազյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Գայանե Ներսիսյան, կենս. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս
Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ
Ռուբեն Խաչատրյան, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ