ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակներում հայտարարում են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում կարճաժամկետ կամավորական նախագծերի մեկնարկի մասին:
Այն անձինք ովքեր ցանկանում են որպես կամավորներ ներգրավվել բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքներին պետք է կազմեն 1-2 շաբաթ տևողությամբ կամավորական նախագծեր և ներկայացնեն հայտադիմումը ստորև հղումով։
Նախագծերը պետք է միտված լինեն բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանը: Առաջնահերթություն է տրվելու գիտական հետազոտություններին (բուսաբանական, կենդանաբանական, անտառագիտական, ջրաբանական և այլն), էկոկրթական ու էկոտուրիզմի զարգացման միջոցառումներին, արվեստի միջոցով բնության վերաբերյալ հանրային իրազեկման, շուկայավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ նախագծերի, որոնք կաջակցեն ԲՀՊՏ-ների գործունեությանը:
Կամավորական նախագծերի տևողությունը՝ 1-2 շաբաթ,
իրականացման ժամանակահատվածը` ս/թ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Կազմակերպիչները հոգում են կամավորների կեցության, սննդի և տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը:
Կամավորական նախագծերը հնարավոր է իրականացնել հետևյալ ԲՀՊՏ-ներում՝ «Արփի լիճ» ազգային պարկ, «Դիլիջան» ազգային պարկ, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Սոճուտ» դենդրոպարկ, «Ջրվեժ» անտառպարկ, «Որդան կարմիր» պետական արգելավայր, ինչպես նաև «Սևան» ազգային պարկ և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, որը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Բողաքար», «Սև լիճ», «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը:
Կամավորական նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Jx92DJTa1VHCwAGn8.
«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում: Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը: