ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2025
Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը Հայաստանում

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18–19-ը կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը:
Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝

  • աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում,
  • բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը,
  • նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,
  • խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։

Համաժողովի մասնակիցներն են լինելու միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), էներգետիկայի (այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի), ավտոտեխսպասարկման, ապահովագրական ընկերությունների, բանկերի և այլ ֆինանսական կառույցների, պետական մարմինների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները:
Միջոցառումը կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում (ք. Երևան, Ոսկերիչների փ., շենք 1):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (095) 505-876:
Ձեր մասնակցությունն առավել կարևոր է մեզ համար։