Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորումը, մասնակցային կառավարումը խրախուսելու և շահառու խմբերին քաղաքականության մշակմանը մասնակցելու գործընթացին ներգրավումը։
Խորհուրդը հանդիսանում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հանրության հետ մասնակցային, ներառական որոշումների կայացման ու հաղորդակցության հարթակ։
Բնապահպանական ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները կամ ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն այս հարթակում ներկայացնել ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները` 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 2025թ․ դեկտեմբերի 1-ը ներառյալ, կարող են ներկայացնել իրենց հայտերը։
Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել․
Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում Շրջակա միջավայրի նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն).
ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում Շրջակա միջավայրի նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։
Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ներկայացված հայտում նշվում են կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեություն, նախարարության հիմնական ոլորտը, որում ունեն նախատեսված փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։
Հայտին կից ներկայացվում են՝
1) կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն․
2) կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը).
3) կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին.
4) կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն):