Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր
Գործադիրը հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Կառավարության որոշման սույն նախագծի ընդունմամբ կարգավորվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման գործընթացը։
Սույն կարգի հաստատմամբ կարգավորվելու է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի գործարկման ընդհանուր պահանջները, ներառյալ տեղադրման պայմանները, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից դրանց կնքման գործընթացը և սարքերի միջոցով փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակին տվյալների փոխանցման պայմանները։
Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը տեղադրված և կնքված տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կարող են շահագործվել առանց փոխարինման և վերակնքման, իսկ տվյալների առցանց փոխանցում չապահովող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը ենթակա են փոխարինման և վերակնքման։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։