ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարում/Անտառ

Անտառների կայուն կառավարումն անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործումն է՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը, ինչպես նաև ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական, տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։
Անտառների պահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացում է։
Անտառների պաշտպանությունը վնասակար օրգանիզմների (վնասատուների և հիվանդությունների) կողմից անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի կանխարգելմանը և սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում է։
Անտառավերականգնումը նախկինում անտառածածկ տարածքների վերականգնումն ու բնական վերաճի ապահովումն է։
Անտառապատումն արհեստական անտառային մշակույթների հիմնադրումն ու աճեցումն է տնկման և ցանքի միջոցով` ոչ անտառածածկ հողերի, ինչպես նաև այլ նպատակային նշանակության հողերի վրա։
Անտառօգտագործումն անտառների, անտառային պաշարների և անտառային հողերի օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու հնարավորության օգտագործումն է։
Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ինչն իրականացնում է նախարարության Անտառային քաղաքականության վարչության և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի միջոցով։ 

 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերն ըստ մարզերի

N Մարզերը     «Անտառտնտեսություն» մասնաճյուղերը
1 Լոռի Ջիլիզայի
Թումանյանի
Վանաձորի
Ստեփանավանի
Տաշիրի
2 Տավուշ Իջևանի
Սևքարի
Նոյեմբերյանի
Արծվաբերդի
3 Սյունիք Սյունիքի
Կապանի
Սիսիանի
4 Վայոց ձոր Վայոց ձորի
5 Գեղարքունիք Ճամբարակի
6 Կոտայք Հրազդանի
7 Շիրակ Գյումրիի
8 Արագածոտն Արագածոտնի

 

Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման իրավասություններն են`
-    պետական անտառների տիրապետումը և օգտագործումը,
-    պետական քաղաքականության մշակումը և իրականացումը,
-    անտառների դասակարգումը՝  ըստ գործառնական նշանակության,
-     Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը,
-    պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը,
-    Հայաստանի Հանրապետության պետական անտառային կադաստրի վարումը, անտառային հողերի պետական հաշվառումը,
-    անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը և խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը,
-    անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը,
-    հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացման, անտառային հրդեհների հայտնաբերման ու կանխման, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման կազմակերպումը,
-    անտառների մոնիթորինգի իրականացումը,
-    անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների` ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառային մշակույթների վնասման և ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը,
-    անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը,
-    համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը,
-    անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը։