ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ


Շրջակա  միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է  «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել և նախարարին են զեկուցվել պատվիրակության Հայաստան այցի  ընթացքում կատարված աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով: 
Քննարկվել են ծրագրի անխափան  իրականացման վերաբերյալ տարբեր դրույթներ, ինչպես նաև հստակեցվել են ուղղություններն ու գործիքները, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ ծրագրի իրականացմանը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը  վերահաստատել է իր պատրաստակամությունը և վճռականությունը՝ առավելագույն ներգրավվել ընթացիկ ծրագրերի իրականացման վերաբերյալ երկխոսությունների և դրանց վերջնականացման գործընթացում։
«Մեկ անգամ չէ, որ նշել եմ, «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագիրը և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագիրը չափազանց կարևոր են մեր երկրի և հատկապես շրջակա միջավայրի ոլորտի համար։
Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, պետք է զրոյացնել նախկինում արձանագրված բացթողումներն ու թերությունները, լավարկել և խստացնել վերահսկողական մեխանիզմները, և ի վերջո, ծրագրերի իրականացման միջոցով զարգացնել նաև Շրջակա միջավայրի նախարարության, որպես գերատեսչության, ինստիտուցիոնալ կարողությունները։
Աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները կկրեն շարունակական բնույթ, բոլորիս հաջողություն եմ մաղթում  խնդիրների լուծման և ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին, որովհետև համոզված եմ, որ խնդիրների արդյունավետ լուծումն ի վերջո այն ճանապարհն է, որով մենք կհասնենք Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի զարգացման և կայուն կառավարման»,-նշել է նախարարը։
Կողմերը  պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում տալ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մեկնարկը։