ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում   Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։
Ողջունելով դեսպանին' նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հույս հայտնել, որ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորությամբ և  ընդգրկուն պատվիրակությամբ։ 
COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իրականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփիչ նիստը, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ  մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։ 
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։ 
Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է  իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ  կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի  ձևավորման, ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։
Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։
Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը  հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։