ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2021 00:00
Սյունիքի մարզի թիրախային 4 քաղաքների 167 տնային տնտեսություն բիզնես-ծրագրերի ֆինանսական աջակցություն են ստացել

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում  նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը Սյունիքի մարզում էր: 
ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի  ընդհանուր թվով 167 տնային տնտեսությունների հնարավորություն է տրվել հիմնելու իրենց բիզնեսը։
Ծրագրերը միտված են ապահովելու նոր եկամուտ ընտանիքների համար և բարելավելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ միևնույն ժամանակ չվնասելով բնությունը։ Թիրախային 4 քաղաքներից ստացվել է ընդհանուր 397 ծրագրային հայտ, վերջիններս եղել են անանուն և գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որտեղ ընդգրկված էին ՀՀ ՇՄ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետներ։ 
Հավանության արժանացած յուրաքանչյուր բիզնես ծրագրի գումարային չափը կազմել է մինչև 700,000 ՀՀ դրամ, իսկ վերջիններիս քանակներն ըստ տարածաշրջանային բաշխվածության ներկայացվում է ստորև.
 Կապան քաղաք՝ ստացված 196 հայտից ֆինանսավորվել է 80-ը,
 Մեղրի քաղաք՝ ստացված 136 հայտից ֆինանսավորվել է 58-ը,
 Ագարակ քաղաք՝ ստացված 45 հայտից ֆինանսավորվել է 21-ը,
 Քաջարան քաղաք՝ ստացված 20 հայտից ֆինանսավորվել է 8-ը։
Նշենք նաև, որ ՖՄՄ 1-ին և 2-րդ փուլերով ծրագրի թիրախային 28 գյուղական բնակավայրերի 140 տնային տնտեսությունների բիզնես ծրագրեր նույնպես ֆինանսավորվել էին։
Բնության պահպանությունն ու կենսաբազմազանության խթանումը կարող են հարատև լինել միայն այն դեպքում, եթե պահպանվող տարածքներին աշխարհագրորեն, տնտեսապես և մշակույթով մոտ մարդիկ հարմարավետ ու երջանիկ են իրենց զգում, երբ բնությունն պահպանվում է: Բնության պահպանությունն պետք է ներդաշնակ լինի մարդկության զարգացման հետ: Հետևաբար Ֆինանսական մասնակցային մոտեցման այս հիմնարար սկզբունքն իրականություն է դառնում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմամբ բնության պահպանության իրականացման ու ներդաշնակության ապահովման միջոցով։
ՖՄՄ-3 բաղադրիչի միջոցառումների իրականացմանը աջակցող կազմակերպություն էր ընտրվել «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն։