Հանդիպում Դիլիջան ազգային պարկում

17-08-2020

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել Դիլիջան ազգային պարկի աշխատակազմի հետ։
Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ
Շրջակա միջավայրի նախարարն իր դժգոհությունն է արտահայտել ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ 
Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։
Վարձավճարները վերանայվելու են
Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։
 

<
>