Նոր տեխնիկա «Հայանտառին»

21-02-2020

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների համար ձեռք բերված տրակտորների հանձնման արարողությանը։
2019 թվականի պետական բյուջեի միջոցներով նախարարությունը ձեռք էր բերել «БЕЛАРУС 82.1» մակնիշի 8 տրակտոր, որոնք համալրված են 8 գյուղատնտեսական, 8 անտառային գութաններով և ծառատնկման համար նախատեսված համապատասխան հորատիչներով: Տրակտորները նախատեսված են հանրապետության տարածքում լայնածավալ անտառապատման, այդ թվում՝ «10Մ» (Տասը միլիոն ծառի ծրագիր) նախաձեռնության շրջանակներում սպասվելիք անտառտնկումների և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար։
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը, անտառտնտեսությունների տնօրեններ, անտառապետեր և անտառապահներ։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է անտառտնտեսությունների աշխատակիցներին տեխնիկական վերազինման կապակցությամբ՝ նշելով, որ անտառտնտեսությունների վերազինման գործընթացը կրելու է շարունակական բնույթ, քանի որ այն նպատակ ունի անհամեմատ բարձրացնել անտառվերականգնման աշխատանքների արդյունավետությունը։
Արարողության ավարտին նախարար Գրիգորյանն անտառտնտեսություններին է նվիրել «Հայաստանի կարմիր գրքի» մեկական օրինակ։
 

<
>